ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մեր խնդիրն է՝ ուղղել ողնաշարը, դուրս գալ հուսահատությունից և տեր կանգնել մեր Երկրին

Մեր խնդիրն է՝ ուղղել ողնաշարը, դուրս գալ հուսահատությունից և տեր կանգնել մեր Երկրին
07.07.2026 | 12:12

Մինչ մեր տարածաշրջանը գտնվում է մեծ պատերազմի և աշխարհաքաղաքական գլոբալ վերաբաժանումների շեմին (տեկտոնական ցնցումներ), հայաստանյան քաղաքական դաշտը շարունակում է մնալ գավառական կրկեսի մակարդակում։

Սահմանադրական դատարանի հերթական կանխատեսելի որոշումը և դրան հաջորդած քաղաքական ուժերի՝ «մանդատ վերցնել-չվերցնելու» երկար ու բարակ, դատարկ կռիվները ցույց են տալիս մեկ բան՝ թե՛ իշխանությունը, և թե՛ խորհրդարանական ընդդիմությունը կատարելապես կտրված են իրականությունից։ Մինչ նրանք զբաղված են աթոռների ու արտոնությունների վերաբաշխմամբ, մեր պետության գլխին իսկական արհավիրք է հասունանում։

Նայե՛ք, թե ինչ է կատարվում մեր սահմաններից այն կողմ։

Իրանի շուրջ ռազմական լարվածությունը հասել է գագաթնակետին, Իսրայել-Իրան հակամարտությունը սպառնում է պայթեցնել ողջ Մերձավոր Արևելքը։

Ռուսաստանի, ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների բարդ կծիկը՝ թուրքիայի հետ աճող լարվածության ֆոնին, ուղղակիորեն ազդում է Հարավային Կովկասի անվտանգության վրա։

Անգամ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական քայլը սոսկ բարոյական ակտ չէ, այլ թուրքիային հասցված հստակ աշխարհաքաղաքական ապտակ, որի արձագանքները մենք դեռ զգալու ենք…

Իսկ ի՞նչ է անում օրվա իշխանությունը.

Ոչի՛նչ, նրանք շարունակում են իրենց ապազգային, թուլակամ կեցվածքը՝ փորձելով երկիրը ներսից պահել վախի ու հուսահատության մեջ։

Նրանք սպասարկում են բացառապես սեփական կլանի հարատևումը և անգամ այս համաշխարհային փոթորկի պահին չունեն ո՛չ ռազմավարական միտք, ո՛չ էլ պետությունը պաշտպանելու կամք։

Ի՞նչ է անում ընդդիմությունը.

Խճճվել է սեփական մանր հաշվարկների, մանդատային կռիվների ու անպտուղ հայտարարությունների մեջ։ Նրանք չեն կարողանում հանրությանը ներկայացնել իրական պետական միտք ու ազգային այլընտրանք, ինչի պատճառով էլ հասարակության մեջ ահագնանում է դատարկության ու հիասթափության զգացումը։

Մեզ և՛ ներսից են համոզում, որ ոչինչ չենք կարող փոխել, և՛ դրսից՝ թշնամիներն ու իբրև թե «բարեկամ» պետությունները։

Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ, և ի՞նչ պետք է անել.

Եթե մենք շարունակենք մնալ այս թմբիրի մեջ, տարածաշրջանային մեծ պայթյունի ժամանակ Հայաստանը պարզապես կվերածվի աշխարհաքաղաքական մանրադրամի, որի մասին խոսել եմ բազմիցս…

Եթե այսօր ազգովի չսթափվենք, վեր չկանգնենք նեղ անձնական ու կուսակցական հաշվարկներից, մենք կկորցնենք հայոց պետականության վերջին բեկորները:

Մենք պետք է դադարենք լինել հանդիսատես։ Ժամանակն է ձևավորել բարձր ռազմավարական ինտելեկտով օժտված, ազգային-պետական նոր ուժային կենտրոն, որն ունակ է իրականացնել ազգային ռեսուրսների համապարփակ մոբիլիզացիա, համախմբել հայկական գիտական, տեխնոլոգիական և ռազմական ողջ ներուժը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում՝ սեփական ձեռքերով մեր պաշտպանական համակարգը ստեղծելու համար։

Մեզ հարկավոր է ստեղծել Ազգային գաղափարախոսություն և դրա հիման վրա ձևավորել իրական ազգային միասնություն՝ ուղղելով ողջ ազգային կապիտալը բացառապես երկրի պաշտպանունակության բարձրացմանը, Սյունիքի ամրացմանը և թշնամու ծրագրերի չեզոքացմանը։

Մեր միակ դաշնակիցը մեր կանոնավոր բանակի վերակառուցումն է, քանի որ ուժն է միակ լեզուն, որով խոսում է աշխարհը։ Մեր հոգևոր անսասան հավատքն ու հայրենիքը պաշտպանող ամուր բազկի ուժը պետք է դառնան մեկ ամբողջականություն։

Իսկապես գործող և հայրենիքի ցավով ապրող մարդիկ չեն սպասում հրապարակային ծափահարությունների: Նրանք, ում համար պետական շահն ամեն ինչից վեր է, արդեն իսկ միասին են՝ լուռ, բայց հաստատուն քայլերով հող նախապատրաստելով վաղվա հաղթանակի համար։

Մենք հստակ գիտենք մեր անելիքը, և այդ ճանապարհն անցնում ենք նրանց հետ, ովքեր պատրաստ են գործով կերտել մեր անվտանգությունը:

Քաղաքական պատահականությունները կանցնեն, այսօրվա տգիտությունն ու կեղծիքը կփլուզվեն։ Մեր խնդիրն է՝ ուղղել ողնաշարը, դուրս գալ հուսահատությունից և տեր կանգնել մեր Երկրին։

Պատրաստվե՛ք պայքարի, Աստված պահապան մեր Հայրենիքին ու Հային։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ